Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏԱՍԸ ՏԱՐԻ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏԱՍԸ ՏԱՐԻ
13.05.2011 | 00:00

Սեփական ուժերով պաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահով:
Գ. ՆԺԴԵՀ

Սեպտեմբերի 10-ից ռազմական փորձագետ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նախաձեռնությամբ և ղեկավարությամբ անցկացվելու են հրաձգային զենքի, մասնավորապես, դիպուկահար հրացանների կիրառման վերաբերյալ տեսական և գործնական պարապմունքներ: Դասընթացները լինելու են անվճար:
Սոցցանցերում պտտվող այս տեղեկությունն անարձագանք չմնաց, սակայն, ինչպես փաստում է Արծրուն Հովհաննիսյանը, սկզբում այն ընկալվեց իբրև հակակշիռ ադրբեջանցիների նախաձեռնած դիպուկահարների պրոֆեսիոնալ դպրոցի:
«Սխալ է համեմատելը, այն առումով, որ պրոֆեսիոնալ դիպուկահար դառնալու համար անհրաժեշտ է պատրաստվել տասը տարի,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը:- Մինչդեռ այս ծրագիրը ռազմահայրենասիրական, դաստիարակչական նպատակ ունի, որի շրջանակներում ռազմական նախնական որոշակի պատրաստություն են անցնելու հիմնականում այն տղաները, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծառայել բանակում (ուսանող են կամ առողջական խնդիրներ ունեն), և աղջիկները, որոնց ակտիվությունը, ի դեպ, շատ ոգևորիչ է»:
Նշենք, որ Ադրբեջանում ՀԿ-ի անվան տակ անցկացվում են նշանառուների դասընթացներ: Նախագծի հեղինակ, գեներալ Նովրուզալի Օրուջովը թուրք լրագրողին բացատրել է, թե, նշանառուներ պատրաստելով, ցանկանում են հայերից «գրավյալ» հողերը հետ վերցնել: «Մեր նշանառուների թիրախը լինելու են հայ զինվորները, քաղաքացիական անձանց վրա չենք կրակելու»,- ասել է գեներալը և նշել, որ նշանառուի որակավորում այդ հաստատությունում ստանալու է տարեկան 180 ուսանող: Տեղեկություններ կան նաև, որ Ադրբեջանն ՈՒկրաինայից ու մերձբալթյան երկրներից դիպուկահարներ է վարձել, որոնք այսօր գործում են Արցախում:
Ինչևէ, Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ իր մտահղացումը Ադրբեջանի այս հայտարարության հետ կապ չունի: Մինչ այդ արդեն գործել է ու գործում է «Լեգեոն» ռազմամարզական ակումբը, որտեղ անցկացվում են ռազմամարզական «Փեյնթբոլ» խաղեր: Տարեկան հարյուրավոր պատանիներ խաղի միջոցով ձեռք են բերում որոշակի ռազմական հմտություններ և ուղղակի լավ ժամանակ անցկացնում: Հետագայում ակումբն ընդլայնելու են և վերածելու ռազմապատմական մեծ ակումբի: Առայժմ ծրագիրը պետական աջակցություն չունի, թեև նպատակ ունեն համագործակցելու պաշտպանության նախարարության հետ:
Բայց Ադրբեջանը հանդես է եկել ցինիկ ու ռազմատենչ հայտարարությամբ, ինչո՞ւ մենք պետք է պատասխան չտանք:
«Այդ հայտարարությանը մենք արձագանքել ենք,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը:- Երբեք Ադրբեջանը կամ Հայաստանը պրոֆեսիոնալ դիպուկահարների պատրաստությունը գովազդելու խնդիր չեն ունեցել: Իրենք էլ են պատրաստում դիպուկահարներ, մենք էլ: Միանշանակ կարող եմ պնդել, որ դիրքերում որևէ մեկը մյուսի նկատմամբ մեծ առավելություն չունի: Նրանք հիմնականում նախահարձակ են լինում, կրակում են, մենք արժանի հակահարված ենք տալիս: Պարզապես ԵԱՀԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից առաջարկ եղավ դիպուկահարներին հանել սահմանից, և իրենք ուզում էին ցույց տալ, թե, տեսե՛ք, հասարակությունն ինքը պահանջում է, որ մենք մասնավոր հիմունքներով դիպուկահարների դպրոց ունենանք, իսկ դուք ուզում եք դիպուկահարներին հանել սահմանից: Նման հայտարարությամբ հանդես գալը ուղղակի ցինիզմ էր: Ո՞վ չգիտի, որ Ադրբեջանում կա դիպուկահարների դպրոց, կամ որ ադրբեջանցիները պրոֆեսիոնալ դիպուկահարներ են պատրաստում Թուրքիայում: Դա շատ հին ու բացահայտ ինֆորմացիա է, նոր բան չկար այդտեղ»: Մենք նման հայտարարություններով հանդես չենք գալիս, բայց դա չի նշանակում, թե պրոֆեսիոնալ դիպուկահարներ չունենք, առանց դրա չէինք կարող կրակային միջոցների դեմ այսքան ժամանակ բարեհաջող դիմակայել ու ավելին, երբեմն մեծ կորուստներ պատճառել, ասում է զրուցակիցս:
Կարծում եմ, բարոյահոգեբանական մեծ աջակցություն է նման դասընթացների կազմակերպումը: Սեպտեմբերյան դասընթացներով հետաքրքրվողների թիվը հասնում է մի քանի հարյուրի, նրանց մեջ շատ են աղջիկները: «Սա ընդհանուր զինվորական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորության աճի արձագանքն է մեր կողմից»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6971

Մեկնաբանություններ